Տեղի է ունեցել ապօրինի հարստացման քրեականացման նպատակահարմարության վերաբերյալ վերլուծություն իրականացնող աշխատանքային խմբի առաջին նիստը

26/02/2016

            ՀՀ արդարադատության նախարարությունում փետրվարի 25-ին տեղի է ունեցել ապօրինի հարստացման քրեականացման նպատակահարմարության վերաբերյալ վերլուծություն իրականացնելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարի 2016 թվականի հունվարի 22-ի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը:

          Աշխատանքային խմբում ընդգրկված են «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա», «Ինֆորմացիայի ազատության կենտրոն», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Արդարադատության նախարարության ներկայացուցիչները:

          Նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ողջունել է աշխատանքային քննարկման մասնակիցներին և հորդորել, որ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և պետություն-քաղաքացիական հասարակություն աշխատանքային հարթակի հիման վրա ստեղծված ապօրինի հարստացման քրեականացման նպատակահարմարության վերաբերյալ վերլուծություն իրականացնող աշխատանքային խումբն ուսումնասիրի ապօրինի հարստացման դեմ պայքարի առաջադեմ երկրների ողջ իրավական տիրույթը, որպեսզի վերլուծությունների արդյունքում հնարավոր լավագույն լուծումներն առաջարկվեն Քրեական նոր օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբին:

          Հանդիպման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Կարեն Հակոբյանի գլխավորությամբ սահմանվել է աշխատանքի բաշխում՝ տարբեր երկրներում կիրառվող օրենսդրության ուսումնասիրության մասով և ուսումնասիրությունների ամփոփման համար, աշխատանքային խմբի անդամների համաձայնությամբ, նախանշվել է մեկամսյա ժամկետ: