Օրաթերթը հրապարակել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն

15/10/2013

  Ս.թ.հոկտեմբերի 15-ին հրապարակված «Ինչու սպանեցին 15-ամյա Դավիթին» վերնագրի ներքո հոդվածում «Հրապարակ» օրաթերթի լրագրողը հղում կատարելով սպանվածի հարևաններին գրում է, թե վերջինները «վստահեցնում էին Կարեն  Կունգորցևը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել և մի քանի օր առաջ էլ համաներմամբ ազատ արձակվել»:

Օրաթերթը իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է տարածել: 26.05.1991 թվականին ծնված Կարեն Ալեքսանդրի Կունգուրցևը, ով, ինչպես նշված է ոստիկանության կայքում, հոկտեմբերի 13-ին ձերբակալվել է հոկտեմբերի 12-ին Վանաձորում Դ.Հովակիմյանի սպանությունը կատարելու կասկածանքով, համաներմամբ ազատ չի արձակվել, նախկինում էլ երեք անգամ դատապարտված չի եղել:

  Կարեն Կունգուրցևը  27.10.2011 թվականին դատապարտվել է մեկ տարի ազատազրկման քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասով /Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով՝2. Նույն արարքը, որը կատարվել է՝ 

1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

2) մի խումբ անձանց կողմից,

3) զենք կամ առողջությանը վնաս պատճառելու համար հատուկ հարմարեցված այլ առարկաներ գործադրելով,

4) անձի առողջությանը թեթև կամ միջին ծանրության վնաս պատճառելով՝ 

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը մեկից երեք տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:/

  Ձերբակալվել է 24.02.2012 թվականին, պատժի ժամկետը լրանալուց հետո, այսինքն 22.02.2013 թվականին ազատ է արձակվել: