Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ հանրային քննարկումներ

05/06/2014

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի առնչությամբ հանրային քննարկումները շարունակվում են, որի շրջանակներում հունիսի 5-ին ծավալվեց ընդլայնված կազմով հանդիպում: Մասնակցում էին քաղաքական կուսակցությունների և հանրային սեկտորի շատ ներկայացուցիչներ, մասնագետներ, լրագրողներ: Հանրային քննարկումները նախագահող ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան հանդիպման սկզբում կարևորեց համընդգրկուն քննարկումները, բանավեճերը՝ ուղղված սահմանադրական բարեփոխումների արդյունավետության բարձրացմանը: Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը ելույթը սկսեց ներկաներին հավաստիացնելով, որ հանրային քննարկումներն առավել պետք են հենց հանձնաժողովի անդմներին՝ հնչած կարծիքները հետագայում քննարկելու և հաշվի առնելու իմաստով: Նա անդրադարձավ Սահմանադրությամբ իրավունքների գերակայության երաշխիքների ամրագրման, դրանց կառուցակարգային սահմանման կարևորությանը: Գ. Հարությունյանը շեշտեց, որ Սահմանադրությանը պետք է հաղորդել արժեքային ու ինստիտուցիոնալ այնպիսի բնույթ, որը հասարակական հարաբերությունների փոփոխություններին զուգընթաց կարողանա ապահովել էվոլյուցիոն զարգացում: Այս առումով, ըստ նրա, Մայր Օրենքը պետք է ներհատուկ լինի ոչ թե ստատիկ, այլ դինամիկ կայունությունը: Ներկայացնելով Գերմանիայի օրինակը, Գ. Հարությունյանը փաստեց, որ այնտեղ լուծումը գտնված է: <<Սահմանադրությունը պետք է լինի սոցիալական իրականության, ոչ թե այլ մոդելների արտացոլանք: Մեզ մոտ շեշտը դրվել է վիրահատական մոտեցումների վրա՝ բացառելով դրա էվոլյուցիայի դինամիկան>>-, նշեց հանձնաժողովի նախագահը: Նա ընդգծեց նաև իրավունքների գերակայության երաշխիքների և պետության հայեցողության հարաբերության բացը գործող Սահմանադրության մեջ՝ կարևորելով սահմանադրական երաշխիքների այնպիսի մեխանիզմ, որը կսահմանի դրանց իրավակարգավորման և իրավակիրառ պրակտիկան՝ նվազագույնի հասցնելով պետական իշխանության հայեցողական, սուբյեկտիվ մոտեցումները իրավունքների իրացման մեջ: <<Հենց սահմանադրական հստակ մեխանիզմների բացակայությունը կարող է պետական իշխանության ներկայացուցիչներին իրենց իրավունքների վերազանցման լրացուցիչ հնարավորություններ տալ, դրա համար պետք է սահմանել հանրային իրավական պատասխանատվության ինստիտուտ դրանից խուսափելու համար>>-ամփոփեց նա: ՍԴ նախագահը հավելեց նաև, որ Սահմանադրության գործառնականության հստակության համար ահնրաժեշտ է մտցնել դրա ինստիտուցիոնալ կարգավորիչներ, որոնք կամրապնդեն գործառույթ-ինստիտուտ-լիազորություն շղթայի ներդաշնակությունը, և այս շրջապտույտը հնարավորություն կտա ունենալ կայուն, դինամիկ և արժեքաստեղծ Մայր Օրենք: Հանդիպման ընթացքում ծավալվեցին քննարկումներ, որոնք հիմնականում առնչվում էին Սահմանադրական դրույթների իրականացման երաշխիքներին, քաղաքական կամքին, ընտրական համակարգերին  և սոցիալական պետության կայացմանը նպաստող դրույթներին:

Վաղը հունիսի 6-ին, ժամը 10-ից Մարիոթ հյուրանոցում հանրային քննարկումները կշարունակվեն: