Փոխնախարար Արամ Օրբելյանը ընդունեց Աֆղանստանի պատվիրակությանը

04/04/2012

Այսօր ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը ընդունեց Քաունթերփարթ ինթերնեյշնլ կազմակերպության Աֆղանստանի գրասենյակի նախաձեռնությամբ Հայաստանում գտնվող Աֆղանստանի տարբեր գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբին:

Աշխատանքային խմբի անդամներին մասնավորապես հետաքրքրում էր ոչ առևտրային կազմակերպություններին առնչվող հայաստանյան օրենսդրությունն ու այդ ոլորտում իրականացվող բարեփոխումները:

Հյուրերի խնդրանքով փոխնախարար Օրբելյանը պատմական փոքրիկ ակնարկի միջոցով նախ ներկայացրեց անկախության առաջին տարիների հայաստանյան իրականությունը, գոյություն ունեցող խնդիրները և դրանց լուծման համար կիրառված լուծումները: Փոխնախարարի փոխանցմամբ, հաջողվեց ստեղծել հասարակական կազմակերպությունների ձևավորման և գրանցման համար օրենսդրական դաշտ, որը հետագայում իրականացված բարեփոխումների արդյունքում ավելի պարզեցվեց և հստակեցվեց:

Բարեփոխումներն այսօր էլ շարունակվում են: «Որևէ ոլորտում բարեփոխումները երբևէ չեն ավարտվում»,-ասաց պարոն Օրբելյանը հիմնավորելով,-« քանի որ զարգանում է հասարակությունը, ավելանում են պահանջները, ծագում են նոր խնդիրներ, որոնք լուծելու համար անհրաժեշտ են նոր փոփոխություններ »:

2011թ-ից Հայաստանում մեկնարկել է բարեփոխումների հերթական փուլը, իր խոսքում ասաց Արամ Օրբելայնը, ապա մանրամասն ներկայացրեց իրականացվող օրենսդրական փոփոխություններն ու գործնական քայլերը, մասնավորեցնելով, որ հասարակական կազմակերպությունների հետ մի շարք քննարկումներ են անցկացվել, արդյունքում հենց նրանց մասնակցությամբ մշակվել է ոչ առևտրային կազմակերպությունների ոլորտին վերաբերող բարեփոխումների հայեցակարգ:

Հյուրերի խնդրանքով ՀՀ արդարադատության փոխնախարարը ներկայացրեց, թե ինչ դերակատարություն ունեն ոչ առևտրային կազմակերպությունները Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության հարցերում, ինչպես նաև, թե ինչ կառույցներ են իրականացնում միջազգային կոնվենցիաներով սահմանված՝ մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ վերահսկողությունը:

Հանդիպման ավարտին Աֆղանստանից ժամանած աշխատանքային խմբի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին օգտակար և բովանդակալից զրույցի համար: