ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՆ

24/03/2012

Մինչ 2012-ի մարտի 23-ը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողության բաժին է ներկայացվել գրանցված հիմնադրամներից ընդամենը 10 տոկոսի 2011թ-ի գործունեության վերաբերյալ հաշվետվությունները և կից փաստաթղթերը:
Համաձայն Հիմնադրամների մասին ՀՀ օրենքի (Ընդունված 2002 թվականի դեկտեմբերի 26-ին) 39-րդ հոդվածի՝ հիմնադրամները յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ հիմնադրամն իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տեղեկությունների հրապարակող մամուլում պարտավոր է հրապարակել՝
1) հաշվետվություն իր գործունեության մասին:
2) ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 միլիոն դրամը:
Հաշվետվության ձևը, հրապարակման և ներկայացման կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 01.12.2011թ. N 203-Ն Հրամանով. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 319-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին»:
Հիմնադրամները 2011թ-ի գործունեության վերաբերյալ հաշվետվությունները և կից փաստաթղթերը պետք է ներկայացնեն՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողության բաժին:

ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ՝ Նորայր Փանոսյան