Արագ շախմատի միջհիմնարկային առաջնություն

22/05/2012

2012թ. մայիսի 14-16-ը ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում անցկացվեց շախմատի ներհիմնարկային մրցաշար։ Առաջին երեք մրցանակային տեղերը զբաղեցրած դատապարտյալները մայիսի 18-ին հանդիպեցին «Էրեբունի» ՔԿՀ-ում, որտեղ էլ` ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության և ՀՀ շախմատի ակադեմիայի աջակցությամբ անցկացվեց արագ շախմատի միջհիմնարկային առաջնության եզրափակիչ փուլը։ Միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանի սպասարկմամբ, լարված պայքարի արդյունքում, թիմային հաշվարկում առաջին տեղը գրավեց «Կոշ» քրեակատարողական հիմնարկը, երկրորդ տեղը` «Սևան» քրեակատարողական հիմնարկը, իսկ երրորդ տեղը զբաղեցրեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը։
Անհատական հաշվարկում առաջին տեղը նվաճեց Լևոն Մարգարյանը («Կոշ» ՔԿՀ), երկրորդ տեղը` Հարություն Դանիելյանը («Վարդաշեն» ՔԿՀ)։ Հավասար միավորներով երրորդ մրցանակին արժանացան Աշոտ Դալլաքյանը («Սևան» ՔԿՀ) և Գառնիկ Հայրոյանը («Կոշ» ՔԿՀ)։ Դատապարտյալ Անդրանիկ Սեդրակյանը («Վարդաշեն» ՔԿՀ) արդար խաղի համար արժանացավ հատուկ պատվոգրի, իսկ Ալբերտ Ավետիսյանը («Էրեբունի» ՔԿՀ)` գեղեցիկ խաղի համար սահմանված մրցանակին։ Մի շարք դատապարտյալներ էլ ՀՀ ԱՆ ՔԿՎ ղեկավարության կողմից արժանացան խրախուսանքների և պատվոգրերի։ Մրցաշարին ներկա էին ՀՀ շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը և գրոստմաստերներ, օլիմպիական չեմպիոններ Տիգրան Պետրոսյանն ու Վլադիմիր Հակոբյանը։ Նրանք միաժամանակյա խաղ անցկացրին դատապարտյալների հետ։ Չնայած ծավալված թեժ պայքարին, այնուամենայնիվ, դատապարտյալներից ոչ մեկին գրոստմաստերներին հաղթել չհաջողվեց։ Հանդիպման վերջում դատապարտյալները շախմատիստներին հանձնեցին իրենց ձեռամբ պատրաստած հուշանվերներ։