Կրճատվել է երեխաների օտարերկրյա որդեգրման համար ներքին փաստաթղթաշրջանառությունը. Փաստինֆո

20/05/2013

 Հայաստանի երեխաների արտասահմանյան որդեգրումն այսուհետ կկատարվի ընդունված և արդեն ուժի մեջ մտած որդեգրման կարգի կիրառմամբ: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության Քաղաքացիական ակտերի գրանցման գործակալության պետի տեղակալ Արգամ Ստեփանյանը:

 Ընդունված որդեգրված կարգը համապատասխանեցվել է Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին Հաագայի կոնվենցիայի պահանջներին, որին Հայաստանը միացել է:

 Որդեգրման կարգով գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար հնարավորինս կրճատվել են ներպետական պրոցեսները՝ ներքին փաստաթղթաշրջանառությունը: Եթե նախկինում որդեգրման ենթակա գործերը ուղարկվում էին կառավարություն, այնտեղից էլ ոստիկանություն՝ գործի վերաբերյալ եզրակացություն տալու համար, նոր կարգով գործերն ուղարկվում են անմիջապես ոստիկանություն: Արդյունքում, եթե նախկինում ներքին գործընթացները մինչև որդեգրման թույլտվություն ստանալու համար դատարան դիմելը տևում էր մի քանի ամիս, այժմ ներքին գործընթացները կկատարվեն մեկուկես ամսից երկու ամսվա ընթացքում: Որդեգրողների շահերից ելնելով միաժամանակ համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը երկարացվել է և մեկ տարուց հասցվել մեկուկես տարվա: Հայաստանից երեխաների օտարերկրյա որդեգրողները հիմնականում ԱՄՆ-ից, Ֆրանսիայից ու Իտալիայից են, սակայն հիմա ակտիվ է նաև Կանադան, որդեգրողներ կան նաև Կոնվենցիայի ոչ անդամ երկրներից, մասնավորապես՝ Ռուսաստանից: Շարունակությունն այստեղ: