ՔԿԱԳ ծառայություններ

 Ամուսնության պետական գրանցման հիմքը

  1. Ամուսնության պետական գրանցման համար հիմք է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված ամուսնության տարիքի հասած կնոջ և տղամարդու միջև, կամքի ազատ արտահայտությամբ՝ ամուսնության պետական գրանցման համար ներկայացված դիմումը:

Ամուսնության պետական գրանցման համար դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը

  1. Ամուսնության պետական գրանցման համար ներկայացվում են՝

1) ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը.

2) նախկինում ամուսնության պետական գրանցում ունենալու դեպքում նախորդ ամուսնությունը դադարելու հիմք հանդիսացող փաստաթուղթը կամ պատճենը (ամուսնալուծության վկայականը կամ ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած դատավճիռը կամ ամուսնու (կնոջ) մահվան վկայականը), եթե էլեկտրոնային միասնական գրանցամատյանում հիմք հանդիսացող փաստաթուղթը բացակայում է.

3) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի դեպքում մշտական բնակության պետության իրավասու մարմնի տված ընտանեկան կարգավիճակը հավաստող փաստաթուղթը:

  1. Ամուսնության պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում նաև ներկայացվում է ամուսնացող անձի լրացրած՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունները պարունակող դիմում՝ հաստատված նոտարական կարգով:
  2. Ամուսնության մասին դիմումի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները.

1) ամուսնացող անձանցից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, իսկ ազգությունը, կրթությունը, աշխատանքի վայրը՝ դիմողի ցանկությամբ.

2) ընտանեկան դրությունը՝ մինչև ամուսնանալը.

3) ամուսնացող անձի ազգանունը՝ ամուսնության պետական գրանցումից հետո.

4) ամուսնության պետական գրանցման ընտրված օրը.

5) ամուսնության պետական գրանցումը հանդիսավոր պայմաններում կատարելու ցանկության մասին.

6) ամուսնության պետական գրանցման ժամկետը կրճատելու ցանկության մասին:

Ամուսնության պետական գրանցման կարգը

  1. Ամուսնության պետական գրանցումը կատարվում է ամուսնացող անձանց ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը, սակայն ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու հաջորդ աշխատանքային օրը, և ոչ ուշ, քան վեց ամիսը:
  2. Ամուսնության առանձին դիմումներ ներկայացնելու դեպքում ժամկետի հաշվարկն սկսվում է ամուսնության մասին երկրորդ դիմումը ներկայացնելու օրվանից:
  3. Ամուսնության պետական գրանցման օրը նշանակվում է ամուսնացողների ցանկությամբ: Ամուսնության պետական գրանցման դիմումում նշված օրվա փոփոխությունը կատարվում է ամուսնացողներից մեկի դիմումի հիման վրա:
  4. Ամուսնության պետական գրանցումը կատարում է գործակալությունը ամուսնացող անձանց դիմումում նշված օրը, առանց դիմումի լրացուցիչ հաստատման, եթե մինչ այդ ժամկետը ամուսնացողներից մեկը գրավոր չի դիմել ամուսնության պետական գրանցման օրը փոխելու կամ դիմումը վերադարձնելու պահանջով:
  5. Դիմումով ընտրված ամուսնության պետական գրանցման օրվա փոփոխության կամ ամուսնության պետական գրանցման դիմումը վերադարձնելու պահանջը ներկայացվում է մինչև ամուսնության պետական գրանցման համար նշանակված օրվան նախորդող աշխատանքային օրը՝ միասնական գրասենյակ, տարածքային սպասարկման կենտրոն կամ դիվանագիտական ծառայության մարմին:
  6. Կալանավորված կամ ազատազրկման վայրերում պատիժ կրող անձանց հետ կամ նրանց միջև ամուսնության պետական գրանցման դիմումները գործակալություն ներկայացնում է քրեակատարողական համապատասխան հաստատությունը՝ հաստատված տվյալ հաստատության ղեկավարի ստորագրությամբ և հաստատության կնիքով: Ամուսնության հանդիսավոր պետական գրանցումը կատարում է գործակալության կամ սպասարկման կենտրոնի աշխատողը քրեակատարողական համապատասխան հաստատության ղեկավարի համաձայնությամբ ընտրված վայրում:

Ամուսնության պետական գրանցում կատարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը։

Ամուսնության վկայականը տրամադրվում է էլեկտրոնային տարբերակով՝ դիմումատուի կողմից տրամադրած էլեկտրոնային հասցեին կամ դիմումատուի ցանկությամբ թղթային կրիչի վրա:

  Որքա՞ն է կազմում պետական տուրքի դրույքաչափը

Ամուսնության գրանցման համար պետական տուրք նախատեսված չէ:

  Լրացուցիչ ծառայության դիմաց գանձվող վճարի չափը՝

Ամուսնության պետական գրանցման համար հանդիսավոր արարողության իրականացում՝ գործակալության կամ սպասարկման կենտրոնի հատկացրած տարածքում (Կ. Դեմիրճյանի անվան մարզահամալիր)– 20.000 ՀՀ դրամ մուտքավճար և 20.000 ՀՀ դրամ

Ամուսնության հանդիսավոր պետական գրանցում գործակալությանը կամ սպասարկման կենտրոնին հատկացված տարածքից դուրս` ամուսնացողների նշած վայրում – 40.000 ՀՀ դրամ

Ամուսնության հանդիսավոր պետական գրանցում գործակալությանը կամ սպասարկման կենտրոնին հատկացված տարածքից դուրս` ամուսնացողների նշած վայրում ոչ աշխատանքային ժամերին և (կամ) ոչ աշխատանքային օրերին – 60.000 ՀՀ դրամ